Ճանապարհ, որ տանում է դեպի Աբովյան 16
27.09.2019 | 01:23
ՆԿԱՐՉԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ՝ ՆԿԱՐՉԻ ԿՈԹՈՂԸ
(հանդգնություն)
Այո՛, իմ պատվարժան ու արվեստասեր ընթերցողներ, այսօր անհրաժեշտ է Ազնավուրի, մեծ հայի և շանսոնիեի անունը կրող հրապարակը վերանվանել Նկարչի հրապարակ։ Գրեցի սույնը և իսկույն էլ կռահեցի, որ առաջարկս, թեպետ առաքելական է, այդուհանդերձ, անհարկի կրքեր կբորբոքի և նվաստիս կգամի անարգանքի թուջեձույլ սյանը, զի տիար Շառլը ազգային խորհրդանշան է, բնականաբար, անձեռնմխելի արժեք է։ Սակայն առաջարկս չեմ մերժում, պարզապես այն ձևափոխում եմ, որ և՛ գորշ գայլը կուշտ լինի, և՛ ամլիկ գառնուկները չպակասեն։
Ազնավուրի հրապարակը կազմավորվել է առևտրաշահ («Երևան» հյուրանոց), մշակութագործարարական («Մոսկվա» կինոթատրոն) և զուտ արվեստային (Հայաստանի նկարիչների միություն) կառույցներով։ Գերիշխող է Հայաստանի նկարիչների միությունը կամ նկարչի տունը։ Եվ, ահավասիկ, ենթաառաջարկս՝ Ազնավուրի հրապարակի նկարչի տանը հարող (այն է՝ «Երևան» հյուրանոցից շրջադարձվող և մինչև ՀՆՄ հասնող ջրավազանամերձ տարածքը) զատել և անվանակոչել Նկարչի հրապարակ և այնտեղ տեղակայել նկարչի խորհրդանշական կոթողը։
ԵՌԱՀԱՐԿ ՏԱՃԱՐՈՒՄ
(ի խորոց սրտի)
Նկարչի հրապարակով քայլենք դեպի Նկարչի տուն։ Մուտքը իմաստավորված է ՀՆՄ առաջին նախագահ, ժողովրդական նկարիչ և ազգային գործիչ Արա Միհրանի Սարգսյանի կիսանդրիով, հեղինակը նշանավոր Նիկողայոս Նիկողոսյանն է։ Աջ դիմապատին փակցված է գեղաքանդակ մի հուշաքար՝ նվիրված միության կազմավորման 70-ամյակին։ Հեղինակը շնորհաշատ ստեղծագործող Գագիկ Ղազարյանն է։ (Ի դեպ, տիար Արան «Նեմեսիս» գործողության մասնակից է, ազգային ահաբեկչության ամենաերիտասարդ անդամը)։ Բացում ենք Նկարչի տան դուռը, հայտնվում ենք շքեղ նախասրահում։ Այստեղ է կերպարվեստը մեզ պարուրում և մղում վեհացման, առողջացման, ներքին հարստացման։ Առջևում «Շեդևր» մասնավոր պատկերասրահն է, դեպի աջ՝ ցուցահանդեսային համալիրը՝ երեք ցուցասրահներով։ Ցուցահանդեսներ են 1-ին, 2-րդ և 3-րդ հարկերի ցուցահանդեսային դահլիճներում։ Առաջին հարկում, դիցուք, հանրապետական ցուցահանդես է՝ նվիրված ՀՆՄ կազմավորման հերթական հոբելյանին։ Երկրորդ հարկի դահլիճը հրավիրում է թեմատիկ ցուցադրության, ասենք, «Աշունը լեռնաշխարհում» խորագրի ներքո։ Իսկ երրորդ հարկի ցուցասրահում երեք ընկեր ներկայացել են մեզ «Թերլեմեզյանից մինչև Աբովյան 16» ուշագրավ նկարահանդեսով։ Վայելք է, ուրիշ ոչինչ։
Կերպարվեստը պետք է մերձենա ժամանակակից մարդուն, մարդը (իմա` քաղաքացին) պիտի գիտակցի կերպարվեստի հզոր դերն ու նշանակությունը իր կյանքում, երբ հաճախ անզոր է ժամանակի բազմաբնույթ հեղեղումներին դեմ-հանդիման կանգնած։ Հուշենք, թե ինչ է ասել դարեր առաջ երևելի իմաստասեր Գրիգոր Տաթևացին. «Արվեստում մենք ճանաչում ենք աշխարհը և իրական կյանքը, կարողանում ենք զատել ճշմարիտը ստից»։
ԱՊԱՔԻՆՈՒՄ
(հորդորագիր)
Գեղանկարիչ Սեդա Բեքարյանը տարիներ առաջ անհատական ցուցահանդես էր բացել Ֆրանսիայում։ Այցելուներից մեկը, պատկառազդու մի ֆրանսիացի, ցուցահանդեսում գնում է «Ծաղրածուներ» շարքից մի կտավ։ Երկու օր անց, վերայցելելով, խոստովանում է, որ դադարել է ապաքինվել խոր ընկճախտից, հոգեբույժին այցելելով։ ՈՒղղակի ժամերով դիտում է «Ծաղրածու» նկարը։ Խոր ընկճախտի մեջ էր պարոնը հայտնվել անմոռանալի կողակցուհուն կորցնելով։ Յուրաքանչյուր նկարահանդեսում, հավատացեք, ապաքինող ստեղծագործություններ կան։ Ներանձնական փորձով եմ համոզվել։ Երբ ինձ հուզական ցնցակաթվածի է ենթարկում այս կամ այն մշակույթի գործչի կքանստումը իշխանավորի առաջ, ելքը գտնում, կազդուրվում եմ որևէ սյուրռեալիստական գործ ըմբոշխնելով։
Երբ նախկին օսլայաօձիք իշխանավորը, որը լայնքով ու երկայնքով կեղեքել է երկիրը իշխանազրկվելով, վաղ լուսաբացին հուդայաժպիտ համալրում է ընդդիմադիրների մարտագունդը, սփոփվում եմ երգիծանկարի և ծաղրաքանդակի առաջ արձանանալով։
Նյարդերը ապաքինելու հրաշալի «դեղամիջոց» են բնանկարները։ Յուրաքանչյուր կտավ ինքնին մի հնգօրյա հանգիստ է ծովափում, անտառի խորքում թաքնված տնակում, կամ էլ հեռավոր լեռներում։ Նկարներից ալեծուփ դուրս է սահում, երբեմն ուղղակի հորդում է հանց հացն հանապազօր կենարար, լույսի նման արդար և առաջին ձյան պես գերիչ էներգիա։
Քանի որ բնանկարն ինքնին խոհ է, հիշողություն, կարոտ է և տոն է։
Այսպիսով, խորհենք, հիշենք, կարոտենք և համակվենք տոնով՝ նկարահանդեսներում։
ԿԱՆԽԱԳՈՒՇԱԿ ԿԵՐՊԱՐՎԵՍՏ
(ահազանգ)
Երբեմն նկարիչը կանխագուշակ է։ Անբացատրելի ներըմբռնմամբ նա տեսնում է գալիք օրերի արհավիրքը։ 1980-ին Կարեն Սմբատյանը վրձնեց Վարուժան Վարդանյանի դիմանկարը։ Վարուժանը մայրաքաղաքի կերպարվեստային այցետոմսերից էր, տակավին երիտասարդ արդեն հանրաճանաչ էր իր տաղանդով, տեսքով և ինքնամեծարանքով։ Հաղթահասակ էր Վարուժանը, և գեղադեմ էր նա։ Սմբատյանը նրան պատկերեց ներքին և դեռ անհայտ տկարության դրոշմը դեմքին։ Վարուժանն անսպասելի հիվանդացավ և վախճանվեց 2011-ին, դիմանկարի արարումից 31 տարի անց։
Վարուժանին արտաքուստ, նաև օժտվածությամբ, նման էր գեղանկարիչ Կարո Մկրտչյանը (1951-2011 թթ.), որի եղերական վախճանը հանելուկ է մինչ օրս։ 1984-ին նա պատկերել է հայկական անարյուն եղերերգը՝ զանգվածային արտագաղթը անկախ պետականության օրոք։ Նկարն անվանված է «Ճանապարհին»։ Գիշեր է։ Ընտանիքը (երկրի խորհրդանիշը) սայլի վրա է նստեցնում ծերերին ու մանուկներին։ Հայրն ու մայրը ողբերգորեն հրաժեշտ են տալիս հայրենիքին։ Թիկունքով դեպի դիտողը, մեկուսի կանգնած է մի սեգահասակ այր՝ սև թիկնոցը հագին։ Թիկնոցի ներքնահատվածը գունավորված է, ձախ թևը կարմիր-ծիրանի վառ գույներ է լուսարձակում, ինչը, հավանաբար, խորհրդանշում է վերադարձի հույսը։
Կանխագուշակ էր Ռուբեն Արուտչյանը իր «Անվերնագիր» պլակատով (1987 թ.)։ Երկիրը հայտնվելու է բնապահպանական աղետի շեմին, ահազանգում է նա զուսպ, սակայն խիստ արտահայտիչ հորինվածքով։ Հայտնվեցինք։ Առհասարակ յուրաքանչյուր նկարահանդեսում կարող ենք հայտնաբերել մեր վաղվա օրվա, պայծառ գալիքի, նաև զարթոնքի ազդականչերը։
Մի՛ զլացեք և այցելեք Աբովյան 16, իշխանակառավարական հանգուցային օղակներն զբաղեցնող այրեր և տիկնայք։
Հավատացե՛ք, չեք փոշմանի։
Վստա՛հ եղեք, որ կշահեք։
ՎՐՁԻՆԸ ՇԵՓՈՐ Է, ԿՏԱՎԸ՝ ԱՌԱԳԱՍՏ
(հաղթարշավ)
Երբ մթնում է օրը, վառվում են ցուցասրահի անտեսանելի լապտերները։ Ստեղծագործությունները (նկար և քանդակ, դեկորատիվ-կիրառական աշխատանք և գրաֆիկական դրսևորումներ) գույնով, գծով, ծավալով և լուսաստվերով առարկայանում են, միաժամանակ պարուրվում եթերացոլքային ինչ-որ խորհրդավորությամբ։
Արևի լույսի ներքո վերոնշյալը այլ խորհուրդ ունի, առավել գիտակցորեն է ընկալվում, սակայն մեղեդիները հնչում են լուսաբացի ցայտունությամբ, մի խոսքով՝ այլ աշխարհ է, զի նկարիչն ու քանդակագործը ավանդաբար արարում են ոգեպնդված արևի լույսով։
(Ի դեպ, կերպարվեստի երփնագիր արևը նրանց հետ էր անգամ ցուրտ ու մութ, օրհասական, բայց և այնպես հերոսական եռամյակում՝ 1991-1994 թվականներին)։
Արևի լույսը կերպարվեստի անքեն «հավատաքննիչն է»։ Նկարիչը (անշուշտ, նաև քանդակագործը) նրա «զոհն» է և «հերոսը»։ Զի կերպարվեստի ստեղծագործությունը արվեստանոցում ընդամենը գնահատող մի զույգ աչք ունի՝ հեղինակը։ Հեղինակն իր աշխարհ-ներաշխարհ արվեստանոցում միայնակ է իր արարման առաջ։ Հանդիսատեսներն են մյուս ստեղծագործությունները։ Նրանց քննախույզ, երբեմն խանդոտ հայացքների ուղեկցությամբ էլ արարչական տքնանքը լուսավոր մի օր հասնում է ցուցասրահ։
Եվ սկսվում է փորձությունը, զի նկարահանդեսային միջավայրը այլ գեղագիտական պահանջ ունի, արվեստանոցի և ցուցասրահի ներըմբռնումներն այլ են, արվեստանոցում ստեղծագործությունը նկարչի և նրա հյուր-արվեստասերի հետ խոսում է «դու»-ով։ Ցուցասրահում այլ է եղանակը, մերթ արփին է վանում ամպը, մերթ էլ միջանցահովիկն է զեփյուռ սփռում։ Այս ու այնտեղ խմբվում են գործընկեր-նկարիչները, ծանոթ-անծանոթ արվեստասերները և... հանրապետության ղեկավարության ուղերձները, այն է՝ բաժակաճառային թունդ (և անգո) նվիրումով ափեափ ալեկոծվող շնորհավորանքները։
1991-ից, այն է՝ անկախ պետականության հաստատումից ի վեր և մինչ օրս երկրի վերին ատյանները այցելում են Աբովյան 16, նախ՝ ուշի ուշով ունկնդրում են ցուցահանդեսի բացման խոսքը, այնուհետև ի խորոց սրտի զմայլվում են ցուցադրանքով և, վերջապես, փրկչական խոստումներ են շռայլում (որոնք րոպե անց շրջահայացորեն մոռացվում են) և ճեմաքայլքով հեռանում են։
Նրանք ցուցահանդեսներում ապաքինվում են, չկասկածեք, զի գիտակ են կյանքի խորքային խնդիրներին։
Նրանք կանխագուշակումներին են հետևում, քանզի իրենց ապագան ամենևին անամպ ու բարեբեր չէ։
Սակայն նրանք ռազմավարական համառությամբ մոռանում են կտավ գնել, քանդակ ձեռք բերել, ինչու չէ, գնել-ձեռք բերել հանրապետական նկարահանդեսի ողջ գեղացոլք և իմաստալիցք ցուցադրանքը։ Դե ես ո՞նց դիմանամ ինձ բռնախեղող փորձությանը և չգոչեմ սարերն ի վեր, կիրճերն ի վար՝ թող զրնգուն կանչեն ձեր ականջները, Խորհրդային Հայաստանի կոմունիստ ղեկավարներ Գրիգոր Հարությունյան և Յակով Զարուբյան, Անտոն Քոչինյան և Կարեն Դեմիրճյան, զի գերհոգատար էիք Հայաստանի նկարիչների միության (իմա՝ Աբովյան 16-ի), հայ նկարիչների, ազգային կերպարվեստի, ի վերջո՝ ազգային պետականության նկատմամբ։ Հավերժ հիշատակ ձեզ։
Ի ՀԵՃՈՒԿՍ ՎԵՐՋԱԲԱՆԻ
Ազգային կերպարվեստն այժմ զարգանում է ինքնաբավ, նկարիչը նկարում է, քանդակագործը քանդակում է, Աբովյան 16-ում ցուցահանդեսները հաջորդում են մեկը մյուսին։ Պետությունը (իմա՝ իշխանակառավարական համակարգը) խոհեմաբար (ազգային կերպարվեստը ամեն գնով լուսանցքավորող արտաքին վարկատուները հույժ գնահատում են 3-րդ հանրապետությունը ղեկավարող հայ վարկառուների ուշիմ խոհեմությունը) լվացել է ձեռքերն ու հայ արդի կերպարվեստի առագաստանավին ծովերի փոխարեն նավարկության է մղել «Կարապի լճում»։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ